«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / Նորություններ / ԱԱԳԼ փորձարարական բաժանմունքի գիտնականները՝ միջազգային նախագծերում
ԱԱԳԼ փորձարարական բաժանմունքի գիտնականները՝ միջազգային նախագծերում
Առաջին ալիքն անդրադարձել է ԱԱԳԼ փորձարարական բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությանը։ 1967-ից գործող ՓՖԲ-ն ունի 83 աշխատակից, այդ թվում՝ 58 գիտնական (2 դոկտոր)։ Բաժանմունքի հետազոտական աշխատանքներում ներգրավված են ասպիրանտներ, հայցորդներ, ուսանողներ։
Փորձարարական բաժանմունքի ֆիզիկոսներին հաջողվել է ստանալ մի շարք կարևոր արդյունքներ, որոնք թույլ են տվել խորացնելու տարրական մասնիկների և ատոմային միջուկների հիմնարար հատկությունների վերաբերյալ պատկերացումները։
Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է նաև ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի վերաբերյալ հետազոտություններ, որոնք իրականացվում են կատարելագործված ԼՈՒԷ-75 էլեկտրոնային գծային արագացուցչի օգնությամբ։
ՓՖԲ-ի գործունեությունում իրենց ուրույն տեղն ունեն Ավանի աղի հանքի ստորգետնյա լաբորատորիայում (Խ․-235 մ) իրականացվող հազվադեպ միջուկային պրոցեսների հետազոտությունները, ինչպես նաև՝ ֆիզիկական գիտափորձերի համար նախատեսված դետեկտորների մշակման և ստեղծման աշխատանքները։
Զարգացվում են նաև խիտին/խիտոզանային համակարգերի և դրանց նոր ձևափոխումների ստեղծման մեթոդները: