Ապրիլի 25-26-ը ԱԱԳԼ-ում կայացավ Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտաշխատողների աշխատաժողովը։
Աշխատանքային խորհրդակցության առաջին օրը զեկուցումներով հանդես եկան Գ․ Քառյանը (ԱԱԳԼ տնօրեն), Վ․ Սահակյանը (ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի փոխտնօրեն), Ռ․ Բարխուդարյանը ( Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր), Բ․ Գրիգորյանը (ՔԵՆԴԼ ինստիտուտի տնօրեն), Տ․ Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն), Վ․ Քոչարյանը (ՀՀ ԳԱԱ Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն), Ս․ Շմատովը (Մ.Գ.Մեշչերյակովի անվան տեղեկատվական տեխնոլոգիաների ՄՀՄԻ լաբորատորիայի տնօրեն):
Քննարկման թեմաներն էին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նյութագիտության, կիրառական և մասնիկների ֆիզիկայի, միջուկային և արագացուցիչների ֆիզիկայի ոլորտները։
Գիտական զեկույցներով հանդես եկան․
• Հ․ Ասատրյանը՝ քվանտային քրոմոդինամիկայի ուղղումներ B-մեզոնների ճառագայթային տրոհումների վերաբերյալ,
• Ա․ Թումասյանը՝ ԱԱԳԼ-ի մասնակցությունը բարձր էներգիայի արագացուցչային ֆիզիկայի միջազգային նախագծերի վերաբերյալ,
• Հ․ Մարուքյանը՝ ԱԱԳԼ-ի մասնակցությունը սպին ֆիզիկայի միջազգային նախագծերի և ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժնի հետազոտական ուղղությունների ակնարկի վերաբերյալ,
• Ա․ Գուսկովը՝ SPD փորձի վերանայումը NICA կոլայդերի վերաբերյալ,
• Ս․ Շմատովը՝ ՄՀՄԻ-ում գիտական LIT ծրագիրի իրականացման վերաբերյալ,
• Ա․ Բարնյակովը՝ Նովոսիբիրսկում աերոգելային Չերենկովյան հաշվիչների արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման կարգավիճակի վերաբերյալ,
• Ա․ Մկրտչյանը՝ աերոգել դետեկտորի կառուցման կարգավիճակի վերաբերյալ,
• Ս․ Միտրոֆանովը՝ MT-25 էլեկտրոնային արագացուցիչի կարգավիճակի վերաբերյալ:
ԱԱԳԼ-ի և ՄՀՄԻ-ի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ NICA համալիրում կիրառական հետազոտությունների ARIADNA համագործակցության մեջ ԱԱԳԼ-ի ներգրավվածության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց և որոշվեց ստեղծել լաբորատորիա ԱԱԳԼ-ի և ՄՀՄԻ-ի հետ համատեղ, որի նպատակն է ՀՀ տարածքում կազմակերպել տեխնոլոգիական և գիտամեթոդական հարթակ՝ առաջադեմ տեխնոլոգիաների և արտադրանքների հասանելիությամբ, որոնք օգտագործվում են որպես հիմնարար, կիրառական հետազոտությունների և վերլուծական սարքավորումների տեղադրման միավորների մաս։ Աջակցելով նախաձեռնության հետագա զարգացմանը որոշվեց, որ աշխատանքային խմբերը պետք է առաջարկներ ներկայացնեն՝ դրանցում ընդգրկելով ԱԱԳԼ-ի և ՄՀՄԻ-ի ակնկալվող կադրային կազմի, անհրաժեշտ ֆինանսական միջոցների, սարքավորումների և համապատասխան տարածքների մասին տեղեկություններով, որոնք ուղղված են համատեղ աշխատանքների մշակմանը և գիտահետազոտական գործունեության ուղղություններին: Որոշվեց նաև ուսանողների և ասպիրանտների երկկողմ կարճաժամկետ և երկարաժամկետ այցեր՝ որակավորման աշխատանքների նախապատրաստման շրջանակներում գիտական նախագծեր իրականացնելու համար։