Հ.Վարդապետյանի անվան Փորձարարական ֆիզիկայի բաժանմունք
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և Thomas Jefferson լաբորատորիայի (Jlab), ԱԱԳԼ-ի և Էլեկտրոն Պրոտոն/Իոնային Կոլայդերի e(PIC) միջև համագործակցության շրջանակներում նախատեսված է մի շարք ուսումնասիրություններ, որոնք պահանջում են ստեղծել բյուրեղներից բաղկացած էլեկտրամագնիսական կալորիմետրի նախատիպերի և նրանց բաղադրիչ մասերի ուսումնասիրման համակարգ: Այն կարող է օգտագործել ինչպես գեներատրով ղեկավարվող լուսարձակ դիոդները, այնպես էլ տիեզերական ճառագայթները: Համակարգի հիմնական մասը կազմված է տրիգերային, սպեկտրոմետրիկ և ժամանակը չափող էլեկտրոնիկայից, տվյալները հաշվիչ մեքենային փոխանցող հանգույցներից և համապատասխան մեխանիկական կոնստրուկցիաներից:
Տիեզերական ճառագայթների օգտագործման դեպքում տվյալների կուտակման (DAQ) համակարգը պետք է ընդգրկի առնվազն երկու սցինտիլյացիոն հաշվիչ, որոնց համընկման ազդանշանը կծառայի որպես դեպքերի գրանցման խթանիչ (Trigger):
«Բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրության համակարգ» անվանմամբ նախագծով ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման 2021թ.-ի մրցույթի արդյունքում ձեռք է բերվել էլեկտրոնիկայի որոշակի քանակ: Այդ նախագծով գործնականում հիմք է դրվել բյուրեղների և կալորիմետրիկ սարքերի նախատիպերի ուսումնասիրման եզակի և արդիական համակարգի ստեղծմանը: Այն նպաստում է ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում նախատեսվող մեթոդիկ ուսումնասիրությունների կատարմանը, ծառայում է ուսանողների և երիտասարդ գիտնականների վերապատրաստմանը և էապես կընդլայնի միջազգային համագործակցությանների շրջանակներում կատարվող աշխատանքների շարքը: