Հուլիսի 26-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա էին այցելել STEM գիտաճամբարի աշակերտները։ Շրջայցի ընթացքում ԱԱԳԼ գիտնականները պատասխանեցին նրանց հարցերին և կիսվեցին իրենց փորձառությամբ: Այցելությունը նպատակ ուներ խթանելու աշակերտների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, և նրանց մոտ զարգացնելու ցանկություն՝ ապագայում ներգրավվելու գիտական գործունեության մեջ։
Կրթական շրջայցի մասնակիցներն այցելեցին «Մաքրասենյակ» լաբորատորիա, որտեղ «Նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության» խմբի ղեկավար Նարեկ Մարգարյանը ներկայացրեց լաբորատորիայում կատարվող փորձերն ու ուսումնասիրությունները։
Դետեկտորային տեխնոլոգիաների առաջատար կենտրոնում ԴՏԱԿ ղեկավար Արթուր Մկրտչյանը ճամբարի սաներին ծանոթացրեց բյուրեղների թափանցելիությանը և համակարգչային մոդելավորմանը:
Օպտիկայի և սպեկտրազննության խմբում ԱԱԳԼ կրտսեր գիտաշխատող Անուշ Բադալյանը ներկայացրեց պերովսկիտային նյութերի սինթեզը, շերտերի նստեցումը, օպտիկական և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը։
Թանգարան-փորձարարական սրահում ԱԱԳԼ ավագ լաբորանտ Արթուր Հողմրցյանը և ԱԱԳԼ կրտսեր գիտաշխատող Աննա Սաֆարյանը STEM ճամբարի մասնակիցների համար մի շարք հետաքրքիր գիտափորձեր կատարեց ֆիզիկայի տարբեր ոլորտներից։