Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում է գտնվում Հայաստանում միակ էներգիական բաշխվածությամբ ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչ սարքը, որը հնարավոր է կիրառել գիտության, արդյունաբերության, մշակույթի և այլ ոլորտներում:
Ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչ սարքի միջոցով հնարավոր է որոշել այս կամ այն նմուշի քիմիական բաղադրությունը, նյութի մեջ եղած տարրերի պարունակությունը: Սարքը հնարավորություն է տալիս բավականաչափ բարձր ճշտությամբ չափել նատրիումից ուրան տիրույթում ընկած տարրերը:
ԱԱԳԼ-ն վերլուծիչ սարքը ձեռք է բերել՝ հաղթելով հայտարարված մրցույթում: Մի խումբ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, պատմաբաններ, երկրաբաններ դիմել են ՀՀ նախագահին՝ Հայաստանում այս սարքը ձեռք բերելու խնդրանքով: Արդյունքում՝ ՀՀ Գիտության կոմիտեն հայտարարել է մրցույթ, որում հաղթել է ԱԱԳԼ-ի Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը, այսինքն՝ Կոմիտեն համարել է, որ այս սարքը լավագույնս կարող է շահագործվել ԱԱԳԼ-ում: Արդյունքում՝ 2015թ.-ին ԱԱԳԼ-ն ձեռք է բերել վերլուծիչ սարքը գերմանական Thermo Fisher Scientific ընկերությունից՝ 60 միլիոն դրամով:
Այս սարքի միջոցով կատարված հետազոտությունները հնարավորություն են տվել համապատասխան մասնագետներին կարևոր հետևություններ կատարել. «Այդ հետազոտությունները թույլ են տվել ստանալ Հայաստանի տարածքի հանքանյութերի, հնագիտական նմուշների, իզոտոպներ պարունակող նյութերի, նոր սինթեզավորված նյութերի քիմիական բաղադրությունը, մետաղական նմուշների մաքրության աստիճանը, բաղադրությունը և այլն։ Այս արդյունքները իրենց հերթին հանդիսացել են ավելի նեղ մասնագիտական հետազոտությունների հիմք: Հայաստանի գիտական կյանքի համար այս վերլուծիչ սարքը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն թույլ է տալիս պատմամշակութային նմուշները և հնէաբանական գտածոները ուսումնասիրել առանց դրանք վնասելու կամ փչացնելու։ Դրա միջոցով հնարավոր է տալ ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, պատմության, ճարտարապետության, արդյունաբերության հետ կապված կարևոր հարցերի պատասխաններ։
Այն նաև հարմարավետ և ժամանակակից գործիք է, որը մի քանի րոպեների ընթացքում կատարում է նմուշի տարրային վերլուծություն՝ առանց նմուշը վնասելու և ապահովելով ճշգրտության բարձր մակարդակ։ Այս սարքի միջոցով հնարավոր է վակուումում կամ օդում չափել պինդ և փոշի վիճակում գտնվող նմուշներ 8 տարբեր պայմաններում, որոնք էլ ապահովում են չափումների բարձր ճշտությունը:
Գիտական այս սարքը լայնորեն կիրառվում է նաև աշխարհի լավագույն թանգարաններում: Այս սարքի միջոցով հստակ է դառնում թանգարանային ցուցանմուշների տարրային կոնցենտրացիան, դրանցում հազվագյուտ տարրերի առկայությունը, ցուցանմուշի ստեղծման վայրն ու մեթոդները: