ԱԱԳԼ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԶԻԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԸ

Մայիսի 22-ին ԱԱԳԼ գիտաշխատողների համար կազմակերպվեց սեմինար՝ «B-մեզոնի քայքայումը մութ նյութի մասնիկների» թեմայով։
 
Պրոֆ. Խոջամիրյանը խոսեց վերջերս մշակված B-Mesogenesis տիեզերական սցենարի մասին, ինչը կանխատեսում է ծանր B մեզոնների քայքայումը բարիոնի և հիպոթետիկ մութ հակաբարիոնի: Նա բացատրեց այս քայքայումների մասնակի լայնությունների հաշվարկման մեխանիզմը՝ կիրառելով ՔՔԴ գումարների կանոնների վրա հիմնված մեթոդ։ Զեկուցողը նաև քննարկեց Belle-II փորձի ժամանակ այս քայքայումների հայտնաբերման հեռանկարները: Զեկույցին հաջորդեց  լսարանի հետ ակտիվ քննարկում:
 
Մութ նյութի մասնիկների վերաբերյալ սեմինարով ամփոփվեց Գերմանիայի Զիգենի համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ալեքսանդր Խոջամիրյանի՝ մայիսի 16-ին ԱԱԳԼ-ում մեկնարկած դասախոսությունների շարքը։
 
Ա. Խոջամիրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է ԱԱԳԼ տեսական ֆիզիկայի կենտրոնում, որտեղ էլ 1997թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «ՔՔԴ գումարների կանոնները ծանր քվարկների և ֆոտոնների հետ տեղի ունեցող պրոցեսների համար» թեմայով։ Զիգենի համալսարանի ֆիզիկայի ամբիոնում պրոֆեսորը դասավանդում է «Քվանտային քրոմոդինամիկա և հադրոններ» դասընթացը։

 
 
 
 
Նմանատիպ Նյութեր