LARES-2 արբանյակի առաջին արդյունքների հրապարակումը

Հարաբերականության ընդհանուր տեսության ստուգման՝ LARES-2 (LAser RElativity Satellite) արբանյակային գիտափորձի առաջին արդյունքները հրատարակվել են The European Physical Journal Plus ամսագրում, որ ընդգրկում է հիմնարար և կիրառական ֆիզիկայի տարբեր բնագավառներ, ներառյալ էներգիայի, միջավայրի, մշակույթային ժառանգության և այլ ուղղություններ:

Ստացված արդյունքները՝ առկա ճշտությամբ, լիովին համապատասխանում են Ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսումներին` Լենզե-Թիրինգի երևույթի վերաբերյալ: Այդ երևույթը ունի հիմնարար կիրառություն բարձր էներգիաների աստղաֆիզիկայում, գրավիտացիոն ալիքների հետազոտություններում:

LARES-2 արբանյակային գիտափորձը իրականացրել է Իտալական տիեզերական գործակալությունը (Գլխավոր հետազոտող Իգնացիո Չուֆոլինի) և այն կարևոր առաջընթաց է Ընդհանուր հարաբերականության տեսության և հիմնարար ֆիզիկայի սկզբունքների ստուգման բնագավառում:   Այս զգալի աշխատանքը կատարվել է անվանի մասնագետների փոքր խմբի կողմից, որի կազմում է Նոբելյան դափնեկիր Սըր Ռոջեր Պենրոուզը, նաև պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը՝ ԱԱԳԼ-ի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավարը, որը տվյալ հոդվածի հրապարակող հեղինակն է (corresponding author):
Հոդվածը հրապարակվել է 2023 թ. նոյեմբերի 29–ին,  հղումն է https://doi.org/10.1140/epjp/s13360-023-04696-6.

LARES-2 արբանյակը արձակվել էր 2022թ. հուլիսին, VEGA-C եվրոպական նոր կրող հրթիռով, Եվրոպական տիեզերական գործակալության արձակման կայանից, Կուրու, Ֆրանսիական Գվիանա (Kourou, French Guiana):

Հոդվածը նվիրված է մեծանուն ֆիզիկոս Ջոն Արչիբալդ Ուիլերին:


Լուսանկարներ
Սըր Ռոջեր Պենրոուզը և Վահագն Գուրզադյանը արբանյակի և հրթիռի ձուլակտորերով, Լինչեի ակադեմիա, Հռոմ:

LARES թիմը՝ Մացներ, Գուրզադյան, Չուֆոլինի, Պաոլոցցի՝ արբանյակի արձակումից անմիջապես հետո, Եվրոպական տիեզերական գործակալության կայանում, Կուրու, Ֆրանսիական Գվիանա:

Նմանատիպ Նյութեր