ԴՈՒԲՆԱՅՈՒՄ ԱԱԳԼ-Ն ԵՎ ՄՀՄԻ-Ն ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Մարտի 20-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանը և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը ստորագրեցին հիմնարար գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիաների և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր:

«Մեր կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է, որը խոստանում է զգալի արդյունքներ, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ լաբորատոր հետազոտությունների ոլորտում։ Համոզված ենք, նաև, որ մեր կազմակերպությունների միջև գիտական կապերը շատ կարևոր են և ճանապարհ կբացեն ապագա նախաձեռնությունների համար»,- համաձայնագրի ստորագրումը մեկնաբանեց ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանը։ «Ես շատ ուրախ եմ, որ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի հետ համագործակցությունն ամրապնդվում է, և վստահ եմ, որ համաձայնագիրն ու այն ծրագրերը, որոնք մենք քննարկել և կազմել ենք, կիրականացվեն»,- նշեց Գրիգորի Տրուբնիկովը` ընդգծելով, որ ՄՀՄԻ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի հետ համատեղ ինստիտուտը վերջին երկու տարիների ընթացքում ակտիվորեն աշխատում է ՄՀՄԻ գիտական նախագծերում Հայաստանի մասնակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։

Համագործակցության պատասխանատու համակարգողների ներդրման կարևորությունը նշեց հանդիպմանը ներկա ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը։ Նա ասաց, որ կոմիտեի միջազգային վարչությունն ունի նաև, ՄՀՄԻ-ի հետ կապերի պատասխանատուներ։ Բացի ՀՀ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանից, և ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանից՝ Հայաստանի պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄՀՄԻ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արմեն Թումասյանը, ՄՀՄԻ գիտական խորհրդի անդամ Արմեն Ներսեսյանը, Հայաստանում ՄՀՄԻ Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ԱԱԳԼ SPD նախագծում խմբի ղեկավար Նիկոլայ Իվանովը և ՄՀՄԻ-ում Հայաստանի ազգային խմբի ղեկավար Էդիկ Հայրյանը։

ՄՀՄԻ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին ինստիտուտի տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը, փոխտնօրեն Վլադիմիր Կեկելիձեն, ՄՀՄԻ գլխավոր գիտական քարտուղար Սերգեյ Նեդելկոն, ՄՀՄԻ գլխավոր գիտական քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Ժեմչուգովը, Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն, ՄՀՄԻ Հայաստանի Հանրապետության հետ կապերի պատասխանատու ղեկավար Սերգեյ Շմատովը և Միջազգային համագործակցության վարչության պետ Օտիլիա-Անա Կուլիկովը։

Նույն օրը Հայաստանից ժամանած պատվիրակներն այցելեցին Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիա՝ ծանոթանալու NICA արագացուցչային համալիրի աշխատանքներին, սինխրոֆազատրոնային դահլիճ, MPD տաղավար, կոլայդեր թունել և ARIADNA կիրառական հետազոտությունների կայան: Մարտի 21-ին պատվիրակները մասնակցեցին ԱԱԳԼ-ՄՀՄԻ աշխատանքային հանդիպմանը, որտեղ ծանոթացան ՄՀՄԻ-ում իրականացվող գիտական աշխատանքներին, մասնակցեցին նաև ԱԱԳԼ-ՄՀՄԻ աշխատանքային հանդիպմանը, որտեղ ծանոթացան ՄՀՄԻ-ում իրականացվող գիտական աշխատանքներին՝ քննարկելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր։