Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ), Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի ջանքերով օգոստոսի 19-24-ը ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին:
«Ծրագրի շրջանակում օգոստոսի 19-21-ը անցկացվելիք աշխատաժողովին ելույթ կունենան ոլորտի առաջատար մասնագետներ՝ Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Աշխատաժողովը շարունակում է 2010 թ․ հիմնադրված «Սուպեր-համաչափությունը ինտեգրվող համակարգերում» խորագրով շարքը։
Օգոստոսի 22-24-ը կանցկացվի ամառային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններ կվարեն միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և գիտնականներ:
Հանդիպումների շարքը գիտական յուրօրինակ միավորում է։ Այս անգամ կիզակետում կլինեն դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության և դրանց հետ կապակցված ինտեգրվող համակարգերի երկրաչափական ասպեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխատաժողովի և ամառային դպրոցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։