Գիտությունը տեխնոլոգիայի և նորարարության հիմքն է։ Շուրջ 8 տասնամյակ այս մոտեցմամբ է առաջնորդվում Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ)՝ Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտը։ Հիմնադրման օրվանից՝ 1943 թվականից ի վեր, տարածաշրջանում ԱԱԳԼ-ն զբաղեցնում է առաջատար դիրքեր  հիմնարար հետազոտությունների ոլորտում:

Ֆիզիկայի բնագավառում գրանցված նվաճումների լայն սպեկտրը փաստում է, որ այն Հայաստանում գիտության ամենազարգացած և շարունակաբար զարգացող ուղղություններից է։ 21-րդ դարի մարտահրավերները՝ համավարակներն ու պատերազմները ի ցույց դրեցին, որ արհավիրքներին դիմակայելու միակ գործուն ուժը զարգացած և հարափոփոխ աշխարհում անընդհատ զարգացող գիտությունն է։ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան զարգանում է՝ ի պատասխան փոփոխվող առաջնահերթությունների՝ իր նպաստը բերելով երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Օգտագործելով հիմնարար և կիրառական գիտություններում ունեցած ողջ ներուժն ու հնարավորությունները՝ ֆիզիկայի բնագավառի առաջատար գիտնականները զարգացնում են նոր գաղափարներ, այդ թվում` միտված նորարարությանը և նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։


ԱԱԳԼ-ն գիտության և տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն է, որի գիտնական-հետազոտողներն ու հմուտ տեխնիկական անձնակազմն ունակ են լուծելու լրջագույն գիտական խնդիրներ։ Կենտրոնը պատվով պահպանում է տարածաշրջանի գիտական առաջատար կառույցի կարգավիճակը՝ իրականացնելով համաշխարհային մակարդակի մրցունակ ու նորարարական հետազոտություններ։ Այն միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամ է և համագործակցում է ավելի քան 50 երկրների հետ՝ հաստատուն դիրք զբաղեցնելով գիտության համաշխարհային քարտեզի վրա, մասնակցելով միջազգային խոշոր հետազոտական ծրագրերի։ Ներկայումս ֆիզիկայի բնագավառում ձևավորվել է հետազոտությունների ու նվաճումների լայն դաշտ, որտեղ հայ ֆիզիկոսներն ու աստղագետները իրենց ակտիվ մասնակցությամբ հեղինակել են մի շարք փայլուն գիտական արդյունքներ։

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


Ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում իրականացնելու առաջադեմ հետազոտություններ, ստեղծելու գիտական ​​համալիր կարողություններ և կիրառելու գիտական ​​ու տեխնոլոգիական լուծումները, որոնք կբավարարեն ազգային կարիքներին, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային, առողջապահական, տնտեսական բարօրությունը և կդիմագրավեն արդի մարտահրավերներին։
ԱԱԳԼ առաքելության իրականացման հիմքում ընկած են հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեսական և փորձարարական ֆիզիկայի, մասնիկների և միջուկային ֆիզիկայի, նյութագիտության, տիեզերական ճառագայթների ուսումնասիրության ուղղություններով, արագացուցչային հետազոտությունների իրականացմամբ, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բնագավառներում համակարգչային առաջադեմ մոտեցումների օգտագործմամբ և զարգացմամբ:


Լինելով հիմնարար գիտությունների ոլորտի առաջատարը՝ ԱԱԳԼ-ն նպատակ ունի զարգացնելու գիտություն-կրթություն, գիտություն-տեխնոլոգիաներ կապը, ինչը հնարավորություն կտա ԱԱԳԼ գիտական ներուժն ուղղելու առկա խնդիրների արդյունավետ լուծմանը։
Դրան զուգահեռ, այնպիսի գիտասարքերի առկայությունը, ինչպիսիք են 75 ՄէՎ էներգիայով գծային էլեկտրոնային արագացուցիչը, 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային փունջը (C18/18)՝ ԱԱԳԼ գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնելու հետազոտություններ միջուկային ֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում։ Արժեքավոր է ԱԱԳԼ գիտնականների կողմից նախագծված և ստեղծած ժամանակային գերկարճ ինտերվալներ չափող գերճշգրիտ սարքը, մթնոլորտում էլեկտրական դաշտի փոփոխությունն ու տարրական մասնիկների հոսքերը գրանցող սարքերը, որոնք հետազոտական նպատակներից զատ ունեն կարևոր կիրառական նշանակություններ և կարող են օգտագործվել անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված նպատակներով:

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հիմնարար գիտական հետազոտություններն ունեն առաջնային նշանակություն կիրառական հետազոտությունների համար և այսպիսով կիրառական արդյունքի ձեռքբերման կարևորագույն նախապայման են։ Ազգային լաբորատորիայի ներուժը եզակի հնարավորություն է՝ ապահովելու ՀՀ էներգետիկայի, ազգային անվտանգության, առողջապահության, բնապահպանության և մյուս ոլորտների առաջընթացն ու զարգացումը: Ժամանակակից աշխարհում, տնտեսական հեղափոխության հիմքում ընկած են քվանտային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը։ Վերջին տարիներին Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան ակտիվորեն համագործակցում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ՝ երկկողմանի բարձր արդյունավետությամբ աշխատող նորարարական ծրագրեր մշակելու և դրանք տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելու համար։


Ազգային լաբորատորիան նպատակ ունի խթանելու նորարարությունը։ ԱԱԳԼ գիտնականների փորձն ու հմտությունը լավագույն գրավականն են տեխնոլոգիաների ոլորտում նրանց ներուժի և արդյունաբերական տարբեր խմբերի հետ համագործակցելու համար: Արդյունաբերության ճյուղերի հետ համագործակցության արդյունքում մշակված տեխնոլոգիաների առևտրայնացումը կստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և կնպաստի մեր երկրի տնտեսական մրցունակության բարձրացմանը։


Հանդիսանալով ֆիզիկայի բնագավառում խոշորագույն գիտահետազոտական կենտրոն՝ ԱԱԳԼ-ն տանամյակներ ի վեր բարձրակարգ կրթություն է ապահովում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ կազմակերպելով և իրականացնելով միջազգային գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, փորձի փոխանակում և ամառային ճամբարներ։

 

ՏԵՍԼԱԿԱՆ


ԱԱԳԼ-ի տեսլականն է դառնալ բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և միջուկային բժշկության, նյութագիտության ու հարակից կիրառական ոլորտներում գիտական առաջադեմ հետազոտությունների, քվանտային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գերազանցության տարածաշրջանային կենտրոն:
ԱԱԳԼ ռազմավարական նպատակներից է գիտական հետազոտությունների շրջանակի ընդլայնումը ու ժամանակակից ստանդարտների կիրառումը՝ արդյունավետության բարձրացման, կիրառական արդյունքի ձեռք բերման և նորարարության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստումը և գիտության մեջ բնականոն սերնդափոխության իրականացումը:
Գիտության ոլորտում խիստ կարևոր են երկարաժամկետ ներդրումները։ Այս առումով էական նշանակություն ունի հիմնարար հետազոտությունների դպրոցի պահպանումը և զարգացումը, ինչը Հայաստանում տեխնոլոգիաների ստեղծման և գործնականում դրանց կիրառման հիմնական երաշխիքն է։

 

ԱԱԳԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • իրականացնել համաշխարհային մակարդակի բարձրակարգ հետազոտություններ,
  • լիարժեք օգտագործել առկա գիտական ներուժն ու հնարավորությունները,
  • աջակցել Հայաստանում գիտական հետազոտությունների իրականացմանը՝ վերազինվելով համապատասխան գիտական սարքավորումներով,
  • համագործակցել գիտական, կրթական հաստատությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ՝ կամրջելով գիտությունը տեխնոլոգիաներին և տնտեսությանը,
  • ծավալել ակտիվ հետազոտական գործունեություն ֆիզիկայի բնագավառում արդեն հեղափոխական համարվող քվանտային տեխնոլոգիաների ոլորտում: