Հ. Վարդապետյանի անվան ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ԱԱԳԼ-ի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությունը սկսվել է 1967 թ.-ին, երբ գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով Երևանի էլեկտրոնային սինքրոտրոնը, ինչի վրա (մինչև 2005թ. սինքրոտրոնի աշխատանքի դադարեցումը) ՓՖԲ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ գիտափորձեր, որոնցում, մասնավորապես, չափվել են պրոտոնների և նեյտրոնների էլեկտրամագնիսական շառավիղները, հետազոտվել են միջուկների վրա պիոնների ֆոտոծնման ռեակցիայում ֆոտոնների հադրոնային հատկությունները, բևեռացված ֆոտոնների և թիրախների օգտագործմամբ նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը, միջուկների ֆոտոֆրագմենտացման  մեխանիզմները,  ռենտգենային անցումային ճառագայթման և մոնոբյուրեղներում ռելյատիվիստական էլեկտրոնների կանալային ճառագայթման հատկությունները և այլն: 

ՓՖԲ-ի ֆիզիկոսներին հաջողվել է ստանալ մի շարք կարևոր արդյունքներ, որոնք թույլ տվեցին խորացնելու պատկերացումները տարրական մասնիկների և ատոմային միջուկների հիմնարար հատկությունների վերաբերյալ: ԱԱԳԼ-ի՝ որպես միջուկային ֆիզիկայի և արագացուցչային կենտրոնի համբավը հնարավորություն տվեց պահպանելու և զարգացնելու միջազգային համագործակցություններն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ և լիարժեքորեն մասնակցելու այդ կենտրոններում փորձարարական հետազոտությունների ծրագրերի կատարմանը:

Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է նաև ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի վերաբերյալ հետազոտություններ, որոնք իրականացվում են վերջին տարիներին կատարելագործված ԼՈՒԷ-75 էլեկտրոնների գծային արագացուցչի օգնությամբ, ինչն ապահովում է մինչև 75 ՄէՎ էներգիայով և մինչև 1 մկԱ հոսանքով էլեկտրոնների կայուն փունջ:  Այդ էներգիաների տիրույթում իրականացվում են ֆոտոմիջուկային ռեակցիաների սիստեմատիկ հետազոտություններ ՓՖԲ-ի և Երևանի պետական համալսարանի ֆիզիկոսների համատեղ ջանքերով:

Չեխիայի հանրապետության Բռնոյի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում հետազոտվում են երկրորդային նեյտրոնների փնջերով հարուցված միջուկային ռեակցիաները: Հատուկ ստեղծված ցածր ինտենսիվության (10-20 e-/վրկ), 10-75 ՄէՎ էներգիաներով էլեկտրոնների փնջերն օգտագործվում են մասնիկների  դետեկտորների տրամաչափման համար:  Վերջերս ԱԱԳԼ գիտնականների կողմից շահագործման հանձնված C18/18 ցիկլոտրոնի արտաքին պրոտոնային փնջերի օգնությամբ նախատեսվում է հետազոտել թեթև միջուկների կլաստերային (այդ թվում՝ 12C միջուկի ալֆա-կլաստերային)  կառուցվածքը: Նախատեսվում է ստեղծել երկրորդային նեյտրոնների փնջեր և չափել դրանցով հարուցված մի շարք ռեակցիաների կտրվածքները:

Հիմնարար հետազոտություններից զատ նախատեսվում է իրականացնել նաև ճառագայթային ախտորոշման և թերապիայի համար անհրաժեշտ ռադիոիզոտոպների արտադրություն:  Այդ նպատակով հետազոտվելու է ջերմային և ենթաջերմային էներգիաներով նեյտրոնային փնջերի ստեղծման հնարավորությունը՝ բորի (10B) միջուկներում նեյտրոնների կլանման վրա հիմնված ճառագայթային թերապիայում օգտագործելու նպատակով:

Բաժանմունքի գործունեության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ավանի աղի հանքի ստորգետնյա լաբորատորիայում իրականացվող հազվադեպ միջուկային պրոցեսների հետազոտությունները, ինչպես նաև ֆիզիկական գիտափորձերի համար նախատեսված դետեկտորների մշակման և ստեղծման աշխատանքները, ներառյալ՝ պլաստիկ և բյուրեղային սցինտիլյատորները,  նեյտրոնային դետեկտորները, սիլիցիումի միկրոստրիպային դետեկտորները, ռադիոհաճախային ֆոտոխողովակները, ցածր ճնշման բազմալար համեմատական խցիկները և այլն: Զարգացվում են նաև խիտին/խիտոզանային համակարգերի և դրանց նոր ձևափոխումների ստեղծման մեթոդները:

Համագործակցություն

  • Բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկա /համագործակցություն CERN-ի  ATLAS, ALICE, CMS, COMPASS++/AMBER գիտափորձերի շրջանակներում
  • Հադրոնների կառուցվածքի և էլեկտրամագնիսական փոխազդեցությունների հատկությունների հետազոտումը էլեկտրոնների և ֆոտոնների փնջերով /համագործակցություն JLab-ի հետ (Halls A, B, C, D)/   
  • Հադրոնային ֆիզիկա՝ HERMES և H1 գիտափորձերի տվյալների մշակման հիման վրա /համագործակցություն DESY-ի հետ /
  • Գերբարձր էներգիաների գամմա-ճառագայթների աստղաֆիզիկա /համագործակցություն HESS, CTA գիտափորձերի շրջանակներում/
  • Միջուկների ճեղքում և ֆրագմենտացում ռեալ ֆոտոնների փնջերով /համագործակցություն ELI-NP, HIγS գիտափորձերի շրջանակներում/
  • «Ծովային» քվարկների բաշխումները նկարագրող Սիվերսի ֆունկցիայի չափումը Դրել-Յանի պրոցեսներում /համագործակցություն FermiLab-ի SpinQuest  գիտափորձի շրջանակներում/
  • Գլյուոնային բաշխումների հետազոտումը բևեռացված էլեկտրոնների և միջուկների բախումներում /Էլեկտրոն-իոնային կոլայդեր, Բրուկհավենի Ազգային Լաբորատորիա, ԱՄՆ/
  • Չբևեռացված, երկայնակի և լայնակի բևեռացված պրոտոնների և դեյտրոնների փնջերի բախումներում լեպտոնային զույգի ծնման ռեակցիաներում ասիմետրիաների չափումներ SPD գիտափորձում /NICA կոլայդեր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ/

 

Հնարավորություններ

Ուսանողները և փորձնակները կարող են հավակնել ՓՖԲ-ում ասպիրանտի և կրտսեր գիտաշխատողի պաշտոնի՝ ընդգրկվելով ինչպես ԼՈՒԷ-75 էլեկտրոնային արագացուցչի և  C18/18 պրոտոնային ցիկլոտրոնի վրա կատարվող, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ (CERN, Jlab, FermiLab, BNL և այլն) իրականացվող գիտափորձերում: Նրանք կարող են նաև դիմել մասնակցելու համար բարձր էներգիաների և միջուկային ֆիզիկայի վերաբերյալ տարբեր գիտական դպրոցների ծրագրերին, որոնք կազմակերպվում են ԱԱԳԼ-ի հետ համագործակցող գիտական կենտրոնների կողմից:

 

Տես ավելին