ԱԱԳԼ Հաշվողական Ֆիզիկայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՀՖ և ՏՏ) բաժինը իրականացնում է աշխատանքներ երկու հիմնական ուղղություններով․ հաշվողական ֆիզիկա և տվյալների վերլուծություն (գիտական գործունեություն), հաշվողական և ցանցային ռեսուրսների մշակում ու սպասարկում (ծրագրատեխնիկական գործունեություն): Բաժնի աշխատանքներում ներգրավված են, ինչպես գիտնականներ, հետազոտողներ, ասպիրանտներ, այնպես էլ ինժեներներ և տեխնիկներ։
Հայաստանում առաջին ինտերնետ կապը գործարկվել է 1994թ․-ին ԱԱԳԼ-ում (ԵրՖի)` DESY (Համբուրգ) արբանյակային կապի օգտագործմամբ: Ներկայումս ՀՖ և ՏՏ բաժինը տրամադրում է մի շարք ծառայություններ, այդ թվում Domain Name Service (DNS), e-mail services (SMTP, POP, IMAP), webmail, mailing lists, համացանցային հասանելիությամբ տվյալների բազային համակարգեր, տվյալների անվտանգ փոխանցում (VPN, SSH, SFTP, SSL, S-թունել), հեռավար կառավարում, web hosting, արխիվացում, կրկնօրինակում, տվյալների պահեստավորում և պահպանում, հակավիրուսային, հակասպամ, հակալրտեսող ծրագրերի սպասարկում, ձայնա- և տեսա-կոնֆերանսների ապահովում, wifi և eduroam (կրթական ռոումինգ) համաշխարհային wifi ռոումինգի հասանելիության ապահովում, վիդեո մեդիա սերվեր, փաստաթղթերի սերվեր (Invenio CERN/IAEA) և այլն:
ԱԱԳԼ-ում տեղադրված UNIX հզոր սերվերները (Super-Micro, Dell) հագեցած են Բարձր էներգիաների ֆիզիկայի (HEP) համար անհրաժեշտ ժամանակակից գրադարաններով և հաշվողական գործիքներով, ինչպիսիք են CERN գրադարանները, Wolfram Mathematica, ALPS (զուգահեռ հաշվարկների համար), ինչպես նաև Python ծրագրային փաթեթով կողմնորոշված մեքենայական ուսուցման գրադարաններ և գործիքներ: ԱԱԳԼ-ից դուրս անվտանգ հասանելիությունը UNIX սերվերներին ապահովվում է VPN-ի ծառայության միջոցով: UNIX սերվերների աշխատանքի արդյունավետության բարձրացման և էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման նպատակով կիրառված է համակարգի վիրտուալացումը:
Վերջին տարիներին DESY-ի (հետագայում՝ JLab) հետ համատեղ աշխատանքների արդյունքում մեկնարկել է տվյալների պահպանման հաբ (Data Preservation Hub) ստեղծելու ուղղությամբ նոր նախագիծ՝ 1993-2007 թվականներին HERMES համագործակցության շրջանակում HERA արագացուցչի հավաքագրված տվյալների ամբողջական ներառմամբ: Ներկայումս HERMES ծրագրային փաթեթի (software) բոլոր բաղադրիչները տեղադրված են ԱԱԳԼ (ԵրՖի) հատուկ սերվերի վրա, ինչը թույլ կտա իրականացնել, ինչպես փորձարարական, այնպես էլ Մոնտե Կառլո տվյալների մշակում։ Աշխատանքներ են տարվում սպինային ֆիզիկայի ուսումնասիրությունների շրջանակներում HERMES-JLab-COMPASS գիտափորձերի տվյալների համատեղ մշակման ուղղությամբ։
ՀՖ և ՏՏ բաժնի աշխատանքների արդյունքում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ կնքվել է համաձայնագիր՝ արտաքին ինտերնետ կապի թողունակության մեծացման նպատակով, իսկ ԱԱԳԼ ներքին ինտերնետային ցանցի (LAN) թողունակությունը ներկայումս հասել է 1 ԳԲ/վրկ: Առաջիկայում ակնկալվում է «Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների» ինստիտուտի (IIAP) օգնությամբ այն հասցնել պլանավորված արագությանը՝ 3 (հետագայում՝ 10) ԳԲ/վրկ:
Համագործակցելով IIAP-ի մասնագետների հետ՝ ՀՖ և ՏՏ բաժինն էապես բարելավել է eduroam համակարգը, ինչն արտերկրի բոլոր կրթական և գիտական կենտրոններում, ներառյալ DESY, CERN, KEK և այլն, wifi կապի ապահովման հեշտ և արդյունավետ միջոց է: Նման հնարավորությունը հասանելի է ԱԱԳԼ բոլոր աշխատակիցներին՝ իրենց էլեկտրոնային հաշիվների միջոցով:
Հաշվողական ֆիզիկայի և տվյալների վերլուծության ուղղությամբ բաժնի գործունեության ենթաուղղություններն են.
ԱԱԳԼ-Բելլե2 խմբի կազմում ընդգրկված են առաջատար և ավագ գիտաշխատողներ, ասպիրանտներ և մագիստրոսներ, որոնք իրականացնում են ինչպես դետեկտորների աշխատանքի էֆեկտիվության, այնպես էլ ֆիզիկական տվյալների ուսումնասիրություններ՝ մասնակցելով կանոնավոր կերպով կազմակերպվող տեսահանդիպումներին, ինչպես նաև զեկուցելով խմբի կողմից ստացված արդյունքները Belle II համագործակցության գլոբալ հանդիպումներին՝ անձամբ կամ հեռավար հետևելով և մասնակցելով փորձարարական տվյալների կուտակման աշխատանքներին:
ԱԱԳԼ-Բելլե2 խմբի գործունեության հիմնական ուղղություններից է մասնիկների նույնականացման ARICH դետեկտորի աշխատանքի համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաև Pythia8 պատահարների գեներատորի պարամետրերի կարգաբերումը ժամանակակից գործիքներով, ինչպիսիք են Professor2 և Apprentice փաթեթները:
Belle II միջազգային համագործակցության շրջանակներում ԱԱԳԼ համահեղինակությամբ արդեն իսկ հրապարակվել են տասից ավելի գիտական հոդվածներ բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում: Գիտական հոդվածներ են հրատարակվել նաև հայկական պարբերականներում, որոնք նկարագրում են Մոնտե Կառլո ուսումնասիրությունները Belle II-ի գիտափորձի շրջանակներում:
Համաշխարհային առաջատար գիտական պարբերականներում նախատեսվում է տարեկան տպագրել 15-20 հրապարակումներ: Այս ուղղությամբ ԱԱԳԼ ՀՖ և ՏՏ բաժինը պատրաստվում է ներգրավել երիտասարդ հետազոտողների՝ առաջարկելով գրավիչ աշխատանք միջազգային համագործակցության շրջանակներում, առաջիկա 10-15 տարիների ընթացքում (երկար հեռանկար):
Համագործակցություն
Գիտաժողովներ
ՀՖ և ՏՏ բաժինը պարբերաբար կազմակերպում է միջազգային գիտաժողովներ և աշխատաժողովներ, իսկ բաժնի աշխատակիցները հանդես են գալիս ելույթներով միջազգային հեղինակավոր գիտաժողովներին և աշխատանքային հանդիպումներին՝ ներկայացնելով ձեռք բերված գիտական արդյունքները։
Աշխատանքային հնարավորություններ
Հեռանկարային ուսանողները և երիտասարդ հետազոտողները կարող են դիմել ՀՖ և ՏՏ բաժին՝ իրականացնելու հետազոտություններ DESY և KEK գիտահետազոտական կենտրոններում, իսկ տաղանդավոր երիտասարդ ինժեներների ու ծրագրավորողների համար բաժինն առաջարկում է ժամանակակից ՏՏ ենթակառուցվածքում աշխատելու հնարավորություն: