ԱԱԳԼ(ԵրՖԻ) Իզոտոպների Հետազոտման և Արտադրության բաժինը ստեղծվել է 2010թ.-ին: Բաժնի գործունեությունը հիմնականում նվիրված է բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի մշակմանը և փորձնական արտադրության կազմակերպմանը:
Բաժնի գործունեության առաջին տարիներին ԱԱԳԼ-ի (ԵրՖԻ) գծային էլեկտրոնային արագացուցչի վրա մշակվել է 99mTc և 123I ռադիոիզոտոպների արտադրության տեխնոլոգիան և կատարվել է փորձնական արտադրություն:
2013 թ. IBA C18/18 ցիկլատրոնի վրա սկսվել է 99mTc-ի արտադրական ամբողջական շղթայի մշակումը և ստեղծումը՝ օգտագործելով հարստացված 100Mo թիրախ: Աշխատանքները ներառում են թիրախի պատրաստման և լազերային մշակման տեխնոլոգիայի, թիրախի հովացման համակարգի, թիրախային մոդուլից ճառագայթված թիրախի անվտանգ տարհանման համակարգի ստեղծում, 99mTc-ի՝ ճառագայթված թիրախից զտման տեխնոլոգիայի և թանկարժեք 100Mo թիրախի վերականգնման տեխնոլոգիայի մշակումները:
2019թ. բաժնի աշխատակիցների ջանքերով ԱԱԳԼ-ին կից գործարկվեց IBA C18/18 ցիկլատրոնը և դեպի առանձնացված փորձարարական սրահ ուղղված փնջատարը, որը գիտական, փորձարարական և հետազոտական աշխատանքների համար նոր ուղղություններ ու հնարավորություններ է ստեղծում:
Ցիկլատրոնի վրա Mo թիրախի առաջին ճառագայթահարման գիտափորձը հաջողությամբ իրականացվել է 2019թ. վերջին:
Բաժնում սկսվել է նաև այլ բժշկական իզոտոպների 67Ga, 68Ga, 67Cu և 64Cu ստացման տեխնոլոգիաների մշակումը, որոնց արդյունքները տեղ են գտնում աշխատակից ուսանողների ասպիրանտական և մագիստրոսական թեզերում:
Բաժնի կիրառական ֆիզիկայի խումբը զբաղվում է էլեկտրոնային արագացուցչի վրա կիրառական բնույթի հետազոտությունների իրականացմամբ: Մասնավորապես, իրականացվում է մալուխների արտադրության մեջ կիրառվող պլաստիկ մեկուսիչ խողովակների՝ բարձր ինտենսիվության էլեկտրոնային փնջով (մինչև 4 ՄէՎ էներգիա) ճառագայթահարում:
Ռենտգենյան սարքաշինության խումբը, 3D պատկերներ ստանալու համար, զբաղվում է թվային ռենտգենյան դետեկտորի կոնստրուկցիայի մշակմամբ, YAG:Ce և GGG:Ce հիման վրա սցինտիլյացիոն բարակ թիթեղների կատարելագործմամբ, պատկերման մեծ մակերեսով և 50 մկմ տարածական լուծողականությամբ դետեկտորների ու ռենտգենյան պատկերներ ստանալու համար թվային համակարգի մշակմամբ: Հետազոտություններ են իրականացվում նաև սցինտիլյատորների ճառագայթային դիմացկունության ուղղությամբ՝ կախված դրանցում առկա ծանր մետաղների հավելումներից:
Բաժնում իրականացվող աշխատանքներում ներգրավված են ինչպես ֆիզիկոսներ, այնպես էլ ինժեներներ, լաբորանտներ ու տեխնիկներ, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՌՀ) շատ ուսանողներ ակտիվորեն մասնակցում են բաժնի գիտական գործունեությանը՝ համալրելով բաժնի աշխատակազմը:
Իզոտոպների հետազոտության և արտադրության բաժնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ոլորտի ամենահեղինակավոր գիտաժողովներին, վերապատրաստման ծրագրերին ու ամառային դպրոցներին: Նրանց գիտական հոդվածները տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:
Տես ավելին