Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և Thomas Jefferson լաբորատորիայի (JLab), ինչպես նաև ԱԱԳԼ-ի և Electron-Ion Collider-ի ePIC համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք հետազոտություններ, որոնք պահանջում են ստեղծել բյուրեղներից կազմված էլեկտրամագնիսական կալորիմետրի նախատիպերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրման համակարգ։
Համակարգը կարող է օգտագործել ինչպես գեներատորով կառավարվող լուսարձակող դիոդներ (LED), այնպես էլ տիեզերական ճառագայթներ։ Համակարգի հիմնական մասը կազմված է տրիգերային, սպեկտրոմետրիկ և ժամանակաչափ էլեկտրոնիկայից, տվյալները համակարգչին փոխանցող հանգույցներից, ինչպես նաև համապատասխան մեխանիկական կառուցվածքներից։
Տիեզերական ճառագայթների օգտագործման դեպքում տվյալների հավաքագրման (DAQ) համակարգը պետք է ներառի առնվազն երկու սցինտիլյացիոն հաշվիչ, որոնց համընկման ազդանշանը կծառայի որպես իրադարձությունների գրանցման տրիգեր (Trigger)։
«Բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրության համակարգ» նախագծի շրջանակներում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության ոլորտի ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման 2021 թվականի մրցույթի արդյունքում, ձեռք է բերվել անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումների մի մասը։
Այս նախագծով գործնականում դրվել է բյուրեղների և կալորիմետրիկ սարքերի նախատիպերի ուսումնասիրման եզակի և ժամանակակից համակարգի ստեղծման հիմքը։ Համակարգը նպաստում է ԱԱԳԼ-ի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում նախատեսվող մեթոդական հետազոտությունների իրականացմանը, ծառայում է ուսանողների և երիտասարդ գիտնականների պատրաստման ու վերապատրաստման նպատակներին և էապես ընդլայնում է միջազգային համագործակցությունների շրջանակում իրականացվող հետազոտական աշխատանքների հնարավորությունները։