Ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչ սարք

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում է գտնվում Հայաստանում միակ էներգիական բաշխվածությամբ ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչ սարքը, որը կարող է կիրառվել գիտության, արդյունաբերության, մշակույթի և այլ ոլորտներում։

 

Ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչ սարքի միջոցով հնարավոր է որոշել նմուշի քիմիական բաղադրությունը և նյութում պարունակվող տարրերի քանակական պարունակությունը։ Սարքը հնարավորություն է տալիս բարձր ճշտությամբ չափել նատրիումից մինչև ուրան ընկած տարրերը։

 

ԱԱԳԼ-ն վերլուծիչ սարքը ձեռք է բերել հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում։ Մի խումբ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, պատմաբաններ և երկրաբաններ դիմել էին ՀՀ նախագահին՝ Հայաստանում նման սարք ձեռք բերելու խնդրանքով։ Արդյունքում ՀՀ Գիտության կոմիտեն հայտարարել է մրցույթ, որում հաղթել է ԱԱԳԼ-ի Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը։ Կոմիտեն գնահատել է, որ սարքը լավագույնս կարող է շահագործվել ԱԱԳԼ-ում։ 2015 թվականին ԱԱԳԼ-ն գերմանական Thermo Fisher Scientific ընկերությունից 60 միլիոն դրամով ձեռք է բերել վերլուծիչ սարքը։

 

Այս սարքի միջոցով իրականացված հետազոտությունները մասնագետներին հնարավորություն են տվել ստանալ կարևոր գիտական արդյունքներ։ Վերլուծությունների միջոցով ուսումնասիրվել են Հայաստանի տարածքի հանքանյութերի, հնագիտական նմուշների, իզոտոպներ պարունակող նյութերի, նոր սինթեզված նյութերի քիմիական բաղադրությունը, ինչպես նաև մետաղական նմուշների մաքրության աստիճանը և բաղադրությունը։ Ստացված արդյունքները, իրենց հերթին, հիմք են ծառայել առավել նեղ մասնագիտական հետազոտությունների համար։

 

Հայաստանի գիտական կյանքի համար այս վերլուծիչ սարքը կարևոր նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել պատմամշակութային նմուշները և հնագիտական գտածոները՝ առանց դրանք վնասելու կամ փչացնելու։ Դրա միջոցով հնարավոր է պատասխանել ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, պատմության, ճարտարապետության և արդյունաբերության հետ կապված կարևոր հարցերի։

 

Սարքը ժամանակակից և արդյունավետ վերլուծական գործիք է, որը մի քանի րոպեի ընթացքում իրականացնում է նմուշի տարրային վերլուծություն՝ առանց այն վնասելու և ապահովելով ճշգրտության բարձր մակարդակ։ Դրա միջոցով հնարավոր է վակուումում կամ օդում չափել պինդ և փոշի վիճակում գտնվող նմուշներ՝ ութ տարբեր չափման պայմաններում, որոնք ապահովում են արդյունքների բարձր ճշտությունը։

 

Նման գիտական սարքերը լայնորեն կիրառվում են նաև աշխարհի առաջատար թանգարաններում։ Դրանց միջոցով հնարավոր է որոշել թանգարանային ցուցանմուշների տարրային բաղադրությունն ու կոնցենտրացիաները, հայտնաբերել հազվագյուտ տարրերի առկայությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալ ցուցանմուշների ստեղծման վայրի և կիրառված տեխնոլոգիաների մասին։