Միջոցառումներ

ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) տեղի ունեցավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, փիլիսոփայության և քվանտային մեխանիկայի դասախոս Աշոտ Գրիգորյանի կողմից հայերեն թարգմանված երկու կարևոր աշխատությունների շնորհանդեսը։ Գրքերը ներկայացնում են քվանտային տեսության հիմնադիրներից երկուսի՝ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի գաղափարները և հայ ընթերցողին հնարավորություն են տալիս ծանոթանալ քվանտային տեսության ձևավորման պատմական ու փիլիսոփայական հիմքերին։

Միջոցառման ընթացքում և դրան հաջորդած բանախոսության շրջանակում Գրիգորյանը խոսեց գրքերի ընտրության, դրանց արդիականության, ինչպես նաև քվանտային տեսության պատմական ու փիլիսոփայական նշանակության մասին։

Նրա խոսքով՝ հեղինակների ընտրությունը պայմանավորված է նրանց առանցքային դերով քվանտային տեսության ստեղծման գործում.

«Եթե պետք է նշել քվանտային տեսության երկու հիմնադիրների, ապա դրանք Բորն ու Հայզենբերգն են»։

Թարգմանիչը նշեց, որ Հայզենբերգի  «Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները» գիրքը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն քվանտային տեսության առաջին դասագրքերից է և ներկայացնում է տեսության հիմնադրի կողմից այն դասավանդելու փորձը։ Նրա գնահատմամբ՝ աշխատությունը կարևոր է նաև քվանտային տեսության դասավանդման ժամանակակից մոտեցումները վերաճանաչելու տեսանկյունից։

Մյուս կողմից, Նիլս Բորի «Ատոմային տեսությունը և բնութայն նկարագրությունը» գիրքը հոդվածների ժողովածու է, որը քվանտային տեսությունը ներկայացնում է առավելապես իմացաբանական և փիլիսոփայական տեսանկյունից։ Գրիգորյանի խոսքով՝ այն հնարավորություն է տալիս վերստին նկատելու ու կարևորելու քվանտային տեսության այն կողմերը, որոնք ժամանակի ընթացքում երկրորդ պլան են մղվել։

Շնորհանդեսի անցկացման համար ԱԱԳԼ-ի ընտրությունը նույնպես խորհրդանշական էր։ Թարգմանիչը նշեց, որ լաբորատորիան հետաքրքիր է ոչ միայն որպես գիտական հաստատություն, այլև որպես գիտական ժառանգություն կրող տարածք։ Այստեղ առավել վառ է արտահայտված խորհրդային շրջանից փոխանցված ֆիզիկայի ինստիտուցիոնալ ավանդույթը դրա բարդ ճակատագիրը։ Իսկ սա իր հերթին հնարավորություն է տալիս մտածումի առարկա դարձնել այդ ժառանգության պայմաններում քվանտային տեսության մեր ընկալումն՝ իր պատմա-մշակութային համատեքստում։։

Շնորհանդեսին հաջորդեց «Մեկ դար անց և երեք հազար կիլոմետր հեռու. քվանտային ֆիզիկան Կեպոնհագենից՝ Երևան» խորագրով բանախոսությունը, որը նվիրված էր քվանտային տեսության՝ Կոպենհագենից մինչև Հայաստան անցած ճանապարհին։ Բանախոսության ընթացքում ներկայացվեց, թե ինչպես է տեսությունը ձևավորվել Նիլս Բորի շուրջ համախմբված գիտական միջավայրում, տարածվել աշխարհի տարբեր գիտական կենտրոններում, ձևափոխվել Երկրորդ աշխարհամարտի և Սառը պատերազմի շիկացած գաղափարաբանական մթնոլորտում, և ի վերջո ստալինյան ու ուշ խորհրդային գիտական քաղաքականությունների միջոցով հասել մերօրյա Հայաստան։

Գրիգորյանը նշեց, որ այդ ճանապարհի ընթացքում քվանտային տեսության կարևոր բաղադրիչներից մեկը՝ դրա իմացաբանական քննարկումները, աստիճանաբար արժեզրկվել և երկրորդ պլան են մղվել, մինչդեռ պահպանվել և գերակշռող դեր է ստացել մաթեմատիկական ֆորմալիզմը։ Նրա խոսքով՝ քվանտային տեսության՝ մեզ համար սովորական դարձած ընկալումը վերաճանաչելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այս փոխակերպումների ընթացքը, որոնք պատմական կոնկրետությամբ երևան են բերում մեր ընկալումների ձևավորման հիմքերն ու դրդապատճառները։

Անդրադառնալով գրքերի ընթերցողական շրջանակին՝ թարգմանիչը նշեց, որ դրանք նախատեսված չեն բացառապես ֆիզիկոսների համար, թեև Հայզենբերգի դասագիրքը մասնագիտական պատրաստվածություն է պահանջում, իսկ Բորի հոդվածների զգալի մասը հասանելի է նաև ավելի լայն լսարանի համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այս աշխատությունները հանրամատչելի գիտության ժանրին չեն պատկանում, այլ ներկայացնում են ֆիզիկայի այն գաղափարները, որոնք կարևոր են ինչպես մասնագետների, այնպես էլ այլ ոլորտների ներկայացուցիչների համար։

Խոսելով թարգմանական աշխատանքի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ գործընթացն իր համար առաջին հերթին հետազոտական բացահայտումների աղբյուր է եղել։ Նա որպես մասնավոր օրինակ, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նույն երևույթների մասին խոսելիս Բորն ու Հայզենբերգը հաճախ գործածել են տարբեր եզրույթներ, ինչը վկայում է նրանց գիտական և փիլիսոփայական մոտեցումների տարբերության մասին և թույլ է տալիս լեզվական մակարդակում բացահայտել երկուսի տարամիտող հայացքների առանձնահատկությունները։

Ներկայումս Գրիգորյանը շարունակում է աշխատել նոր գրքի վրա՝ նշելով, որ կարևոր գիտական աշխատությունների թարգմանությունը լավագույն միջոցներից մեկն է տարբեր ժամանակներում և մշակույթներում ձևավորված աշխարհայացքների հետ հաղորդակից լինելու և դրանք հայ իրականության հետ առնչակցելու համար։

Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ6

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ