Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ալբերտ Շահինյանը։
Նրա անժամանակ մահը մեծ կորուստ է գիտական հանրության, գործընկերների, մտերիմների և բոլոր նրանց համար, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու և աշխատելու նրա հետ։
Ալբերտ Շահինյանի գիտական և մասնագիտական գործունեությունը շուրջ հինգ տասնամյակ կապված էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, իսկ հետագայում՝ Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ։
1976 թվականին նա Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կատարել է դիպլոմային աշխատանք, իսկ 1977 թվականին, ավարտելով Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Հաշվիչ մեքենաներ» բաժինը և պաշտպանելով դիպլոմային աշխատանքը, որպես երիտասարդ մասնագետ ընդունվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտ։
Աշխատանքի առաջին տարիներին Ալբերտ Շահինյանը ակտիվ մասնակցություն է ունեցել γ3 փնջի վրա իրականացվող հետազոտությունների տվյալների գրանցման և կուտակման էլեկտրոնային և հաշվիչ տեխնիկայի համակարգի ստեղծմանը։ 1980-ականներին նա ներգրավվել է միջուկային միջավայրում քվարկների ֆրագմենտացմանը և հադրոնիզացմանը նվիրված գիտափորձի նախապատրաստման աշխատանքներում՝ զբաղվելով շուրջ 2000 բյուրեղից բաղկացած էլեկտրամագնիսական կալորիմետրի ստեղծման և դրա տեխնիկական լուծումների մշակման աշխատանքներով։
Չնայած հետագա տարիների ֆինանսական և տեխնիկական դժվարությունների պատճառով այդ գիտափորձը չիրականացավ, Ա․ Շահինյանի ձեռք բերած գիտելիքներն ու փորձը հետագայում կիրառվեցին Ջեֆերսոնի ազգային արագացուցչային լաբորատորիայի Hall A սրահում իրականացվող գիտափորձերում։
2000 թվականից նա ներգրավվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Ջեֆերսոնի լաբորատորիայի համագործակցության աշխատանքներում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը ներդնելով միջազգային գիտական ծրագրերում։ Շուրջ 25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ԱԱԳԼ-ի խումբը զգալի ներդրում է ունեցել Hall A սրահի մի շարք սարքավորումների, այդ թվում՝ BigCal, BigBite և EmCal համակարգերի նախագծման ու ստեղծման գործում, ինչպես նաև մասնակցել դրանց կիրառմամբ իրականացված բազմաթիվ գիտափորձերի՝ GEP, GMn, A' և այլ ծրագրերի շրջանակներում։
Ալբերտ Շահինյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԱԱԳԼ-ում իրականացվող գիտական աշխատանքներին։ Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են ՀՀ ԿԳՍՄ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի շարք գիտական թեմաներ։ Նա եղել է ԱԱԳԼ-ի Փորձարարական բաժնի և Գիտական խորհրդի անդամ։
Ալբերտ Շահինյանի երկարամյա գիտական և մասնագիտական գործունեությունը, փորձարարական ֆիզիկայի ոլորտում ունեցած ներդրումը և միջազգային գիտական համագործակցությանը նրա մասնակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում լաբորատորիայի պատմության մեջ։
Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրինությունն ու ողջ աշխատակազմը խորապես ցավակցում են Ալբերտ Շահինյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և մտերիմներին և նրա վաստակը գնահատող բոլոր մարդկանց։ Կիսում ենք նրանց վիշտն ու ցավը։
Ալբերտ Շահինյանի հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, աշակերտների և գիտական ժառանգությանը ծանոթ բոլոր մարդկանց սրտերում։
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ