Մամուլը մեր մասին

Հայաստանի Հանրային Ռադիոն անդրադարձել է ԱԱԳԼ-ում իրականացվող հետազոտություններին

Հայաստանի Հանրային Ռադիոն ներկայացրել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Ռադիացիոն կենսաֆիզիկայի խմբի կողմից իրականացվող հետազոտությունները, որոնք ուղղված են հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման նոր մոտեցումների ուսումնասիրմանը։

Հաղորդման ընթացքում Ռադիացիոն կենսաֆիզիկայի խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Ալոյանը խոսել է կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև ներկայացրել է հակաուռուցքային բուժման մեթոդների կատարելագործման և նոր թերապևտիկ մոտեցումների մշակման ուղղությամբ իրականացվող գիտական աշխատանքները։

Խմբի հետազոտությունների կարևոր ուղղություններից է նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրի ուսումնասիրությունը։ Գիտնականները հետազոտում են նոր նյութեր և մեթոդաբանություններ, որոնք կարող են նպաստել ժամանակակից բժշկության կարևորագույն մարտահրավերներից մեկի հաղթահարմանը։

Լուսինե Ալոյանի խոսքով՝ այս ոլորտում աշխատանքներ են տարվում ամբողջ աշխարհում՝ ինչպես նոր մեթոդների մշակման, այնպես էլ արդեն կիրառվող մեթոդների արդյունավետության բարձրացման նպատակով։

Ներկայումս հետազոտություններն իրականացվում են ANSEF (Armenian National Science and Education Fund) հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել գիտական նորարարական գաղափարների զարգացմանը և միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը։

Հանրային ռադիոյի անդրադարձն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hy.armradio.am/archives/745779

 

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ