Եվրոպական միացյալ հետազոտական կենտրոնի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակության այցն ԱԱԳԼ

Հոկտեմբերի 21-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԱԱԳԼ) այցելել են Եվրոպական միացյալ հետազոտական կենտրոնի (JRC) և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ներկայացուցիչները։

 

Պատվիրակության կազմում էին JRC-ի Միջուկային անվտանգության և պաշտպանվածության տնօրինության G.7 ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, դոկտոր Իզաբելլա Մաշիոն և ISTC-ի քաղաքականության խորհրդական, դոկտոր Քրիստոս Խարացիսը։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտաշխատող Սուսաննա Գագինյանը, ԵՊՀ միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Նելլի Ղարիբյանը, ԱԱԳԼ Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ռուբեն Դալլաքյանը, Իզոտոպների արտադրության տեխնոլոգիաների մշակման խմբի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը և ԱԱԳԼ միջազգային համագործակցության կազմակերպման հարցերով պատասխանատու Արծրուն Պիվազյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական համագործակցության հնարավոր ուղղությունները, հետազոտական աշխատանքներին աջակցության ձևաչափերը, երիտասարդ գիտնականների՝ եվրոպական գիտական կենտրոններում վերապատրաստման և եվրոպական հետազոտական ենթակառուցվածքներից օգտվելու հեռանկարները։

 

Այցի շրջանակում պատվիրակության անդամներն այցելել են ԱԱԳԼ գծային էլեկտրոնային արագացուցչի և Միջուկային բժշկության ազգային կենտրոնում տեղադրված պրոտոնային ցիկլոտրոնի փորձարարական սրահներ՝ ծանոթանալու լաբորատորիայի փորձարարական հնարավորություններին և միջուկային ֆիզիկայի ու կիրառական գիտությունների ուղղություններով իրականացվող աշխատանքներին։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ10

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ